Իտալիայի մայրաքաղաք Հռոմի Ֆյումիչինո միջազգային օդանավակայանում փետրվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տղամարդը, ում պետք է արտաքսեին երկրից, ինքնահրկիզման փորձ է արել:

Դեպքը պատահել է օդանավակայանի միջազգային տերմինալում` մաքսային ոստիկանության տարածքում: Ոստիկանների խոսքով` տղամարդն իր վրա բենզին է լցրել եւ այրել կրակայրիչի օգնությամբ, հայտնում է Reuters-ը:

Տուժածը լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվել է, որ դա Կոտ դ’ Իվուարից անօրինական ներգաղթյալ է եղել: Բացի նրանից տուժել է նաեւ ոստիկանը, ով նետվել է հանգցնելու կրակը. նա ձեռքի լուրջ այրվածք է ստացել:

Մյուս ուղեւորները թեթեւ վախ են ապրել: Անվտանգության նկատառումներով, նրանց տարհանել են, իսկ օդանավակայանի մի մասը ժամանակավորապես փակվել է: