Մեքսիկական ծոցում անշարժացած Carnival Triumph զբոսանավը փետրվարի 14-ին չեն կարողացել քարշակելով ԱՄՆ-ի ափ հասցնել` կտրված  ճոպանի պատճառով: 

Զբոսանավը փորձել են երեք ճոպաններով քարշակել Ալաբամայի Մոբիլ քաղաքի նավահանգիստ, սակայն դրանցից մեկը կտրվել է, ինչի հետեւանքով զբոսանավը ափ հասցնելու գործողությունը հետաձգել են, հայտնում է AFP-ն:

Հիշեցնենք, որ զբոսանավում իրավիճակն աղետալի է. չի բավականացնում ջուրը եւ սնունդը, չի գործում կոյուղին: Կիսաֆաբրիկատների եւ խմելու ջրի համար երկար ժամեր տեւած հերթերը վերածվել են կռիվների: Չաշխատող կոյուղու պատճառով զբոսաշրջիկներն իրենց կարիքները հոգում են ամենուր` լոգարաններում, հյուրասենյակներում եւ նույնիսկ միջանցքներում:
Lenta.ru-ն գրում է, որ ուղեւորները օգնության  կոչերով սավաններ են կախել, հեռախոսներով հարազատներին հայտնում են սանիտարական վատ պայմանների եւ ծովային տենդի մասին:

Carnival Triumph զբոսանավում 3143  ուղեւոր եւ անձնակազմի 1086 անդամ կա։

Սպասվում է, որ զբոսանավի քարշակման գործողությունը կավարտվի փետրվարի 15-ի առավոտյան: