Պարզվել է, որ Լոս Անջելեսի մոտ, փետրվարի 12-ին խրճիթում հայտնաբերված այրված մարմնի մնացորդները պատկանում են իր նախկին գործընկերների դեմ կրակ բացած 33-ամյա նախկին ոստիկան Քրսթոֆեր Դորներին: Այս մասին ասվում է ոստիկանության պաշտոնական եզրակացության մեջ:
Խրճիթում հրդեհը բռնկվել էր Դորների եւ հատուկ նշանակության ջոկատի փոխհրաձգությունից հետո: SWAT-ի աշխատակիցները նռնակներ էին նետել: Ոստիկանությունը Դորներին կոչ է արել հանձնվել: Սակայն դրանից հետո կրակոց է լսվել, այնուհետեւ խրճիթը բռնկվել է:
Դորները թաքնվում էր Սան Բերնարդինո քաղաքում` Բիգ Բեար լճի մոտ գտնվող խրճիթում: Փոխհրաձգության ժամանակ նա սպանել էր շերիֆի տեղակալին եւ վիրավորել մեկ ոստիկանի, հաղորդում է gazeta.ru-ն:
Դորները հետախուզման մեջ էր գտնվում նախորդ շաբաթվանից, երբ պարզվել էր, որ նախկին ոստիկանը սպանել է իր նախկին գործընկերոջ դստերը եւ նրա փեսացուին:
Փետրվարի 10-ին ոստիկանությունը 1 միլիոն դոլար պարգեւ էր խոստացել Դորների մասին տեղեկության դիմաց:
Նախորդ շաբաթ նախկին ոստիկանը զայրացած գրառում էր թողել Facebook-ի իր էջում, որ 2008թ. իրեն անադարացիորեն հեռացրել էին իրավապահ մարմիններում աշխատանքից, եւ խոստացել էր վրեժ լուծել դրան մասնակցած սպաներից եւ նրանց հարազատներից:
Հիշեցնենք, որ Դորները, ով աշխատանքից ազատվել էր 2008թ., գործընկերոջ դեմ կեղծ ցուցմունք տալու համար, պատերազմ էր հայտարարել նախկին ընկերներին: Նա 40 հոգանոց ցուցակ էր կազմել, թե ում պիտի սպանի: Փետրվարի 3-ին նա սպանել էր նախկին գործընկերոջ դստերն ու նրա փեսացուին, փետրվարի 7-ին սպանվել էր Մայքլ Քրեյնը, իսկ վերջին զոհը հատուկ գործողության ժամանակ սպանված Ջերեմի ՄքՔեյն էր` Սան Բեռնարդինո շրջանի շերիֆի տեղակալը:




























