Փետրվարի 17-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) նշում է իր 150-րդ տարեդարձը, վերհիշելով այն ջանքերը, որոնք ուղղված են եղել օգնելու միլիոնավոր մարդկանց եւ զինված հակամարտություններից տուժած անթիվ մարդկանց կյանքը բարելավելուն։
«Այս տարեդարձը հնարավորություն է տալիս քննադատորեն վերլուծել մեր անցած ուղին, ավելի լավ գիտակցելով այն ուժեղ կողմերը, որոնց օգնությամբ իրականացնում ենք մեր գործունեությունը ի նպաստ զինված հակամարտություններից եւ այլ բռնություններից տուժած միլիոնավոր մարդկանց: Այժմ, ավելի քան երբեւէ պետք է հավատարիմ մնանք մեր սկզբունքներին, նոր ուղիներ փնտրելով ավելի լավ ծառայելու մեր օգնության կարիքն ունեցող մարդկանց։ Պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ հավաստիանալու, որ մեր մարդասիրական գործունեության չեզոք, անկողմնակալ եւ անկախ բնույթը պարզ է բոլորին»,- ասել է ԿԽՄԿ-ի նախագահ Պետեր Մաուրերը։
ԿԽՄԿ-ն շարունակում է հարմարեցնել իր գործողությունները զինված ընդհարումների նոր ձեւերին եւ մարդասիրական գործունեության ընթացքում առաջացող մի շարք մարտահրավերներին։ «Մեր գործունեությունն իրականացնում ենք մի միջավայրում, որը պայմանավորված է նոր զենքերի եւ տեխնոլոգիաների օգտագործմամբ, զինված խմբավորումների թվի աճով, օգնության կարիք ունեցող մարդկանց ձեռք մեկնելու դժվարություններով, ինչպես նաեւ մրցակցային մոտեցումներ ունեցող ՀԿ-ների եւ այլ մարդասիրական կազմակերպությունների առատությամբ», - ասել է ԿԽՄԿ-ի նախագահը։
«Պետք է միավորվենք Միջազգային Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի շարժման մեր գործընկերների, նաեւ ավելի լայն մարդասիրական հասարակության հետ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու ուղիներ փնտրելու գործում», - ասել է ԿԽՄԿ-ի նախագահն ու հավելել. «Անհրաժեշտ է ավելի լավ համակարգել մարդասիրական ջանքերը եւ ավելի ուշադիր լինել մեր կարիքն ունեցող մարդկանց կարծիքներին, դրանով իսկ հնարավորություն տալով նրանց ակտիվորեն մասնակցելու կայուն վերականգմանը»։
ԿԽՄԿ-ի եւ այլ մարդասիրական կազմակերպությունների համար ամենամեծ մարտահրավերը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ հարգանքի պակասն է։ Այդ իրավունքն արգելում է անմիջական բռնությունը զինված հակամարտություններին չմասկանցող այնպիսի անձանց հանդեպ, ինչպիսիք են երեխաները, վիրավորներն ու հիվանդները կամ ազատազրկվածները։ «Այսօր ավելի, քան երբեւէ անհրաժեշտ է ավելի ուժեղ քաղաքական կամքի դրսեւորում քաղաքացիական անձանց պաշտպանելու եւ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին հետեւելու համար պետական եւ ոչ պետական զինված խմբավորումների կողմից։», - նշել է Մաուրերը։
ԿԽՄԿ-ի բազմաթիվ ընթացիկ աշխատանքներն ունեն տեւական արդյունքներ։ «Երբ ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելում են Գուանտանամոյի ազատազրկվածներին, աջակցում են պատանդների ազատ արձակմանը Կոլումբիայում, օգնում Աֆղանստանի բնակչությանը բուժծառայություն ստանալ անվտանգ պայմաններում, ապահովում ջրի եւ էլեկտրականության ցանցերի պահպանումն եւ տեխնիկական հագեցվածությունը կես միլիոնանոց Գոմայում, հորդորում կասետային զինամթերքի մասին միջազգային պայմանագրի ստորագրումը, ապա դա անմիջական եւ կայուն ազդեցություն է ունենում մարդկանց կյանքի վրա», - նշել է Մաուրերը։
Երբեմնի սակավաթիվ, ամբողջությամբ շվեցարացի աշխատակիցներից բաղկացած ԿԽՄԿ-ն այսօր մարդասիրական գործունեություն է իրականացնում աշխարհի ավելի քան 90 երկրներում, որտեղ աշխատում են 100 ազգությունների մոտ 13.000 տղամարդ եւ կին։




























