Փետրվարի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով գլխավորում է ՀՀ  նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը  նշել է, որ Հայաստանը, կարեւորելով ԱՊՀ դերակատարությունը անդամ երկրների  միջեւ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում, շարունակելու է իր ակտիվ ներգրավվածությունը կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններով։

ԱՊՀ գործադիր  քարտուղարն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանի ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին եւ գոհունակություն հայտնեց Հայաստանի ներկայացուցիչների ու ԱՊՀ գործադիր քարտուղարության միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լեբեդեւը քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։ Այս առումով ԱՊՀ գործադիր քարտուղարը նշեց, որ կազմակերպության հովանու ներքո դիտորդական առաքելություն են իրականացնելու շուրջ 210 դիտորդ, որոնք աշխատելու են բոլոր մարզերում եւ Երեւանում։

Զրուցակիցները քննարկել են նաեւ ԱՊՀ շրջանակներում ընթացող համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։