Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը Հայաստանում գտնվելու ընթացքում այցելել է ռուսական 102-րդ ռազմակայան։
ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ գեներալ-գնդապետը ստուգել է մարտական պատրաստականության կազմակերպումը, ուսումնանյութական բազայի վիճակը, ծանոթացել է ծառայության եւ զինծառայողների կենցաղային պայմաններին։
Հիշեցնենք, որ այցը տեղի էր ունեցել փետրվարի 14-15-ը: Այցի ծրագրին համապատասխան՝ ռուսական գլխավոր շտաբի պետին ընդունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, բանակցություններ էին տարվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ:
Համատեղ աշխատանքի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության վիճակը եւ հեռանկարները, կարծիքներ էին փոխանակել Անդրկովկասում անվտանգության ապահովման արդիական խնդիրների վերաբերյալ եւ քննարկել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման ուղղությամբ փոխգործակցությունը: Բոլոր հանդիպումների ընթացքում նշվել էր երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ամրապնդման դրական դինամիկան եւ փոխադարձ հետաքրքրություն էր հայտնվել դրա հետագա զարգացման ուղղությամբ:




























