Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւին, ով գլխավորում է ՀՀ նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելությունը: Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները քննարկել են առաջիկա նախագահական ընտրություններին դիտորդական առաքելությունների իրականացմանն առնչվող հարցեր։
«Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության ընթացքում լինեն լավագույնը: Թեկնածուների համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ իրենց քարոզարշավն արդյունավետ իրականացնելու համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը: Սերգեյ Լեբեդեւը գոհունակություն է հայտնել նախընտրական շրջանում ՀՀ օրենսդրությանը համապատասխան թեկնածուների գործունեության համար ստեղծված պայմաններից, որի ընթացքում վերջիններս կարողացել են ազատորեն, բաց եւ թափանցիկ կերպով ընտրողներին ներկայացնել իրենց ծրագրերը: ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը նշել է, որ մինչ այժմ արձանագրված միջադեպերը լուրջ ազդեցություն չեն ունեցել նախընտրական գործընթացների վրա:
ԱՊՀ գործադիր քարտուղարը տեղեկացրել է, որ կազմակերպության հովանու ներքո նախագահական ընտրությունների օրը դիտորդական առաքելություն են իրականացնելու 200-ից ավելի դիտորդներ, որոնք կլինեն հանրապետության բոլոր մարզերի ընտրատեղամասերում:
Տիգրան Սարգսյանը եւ Սերգեյ Լեբեդեւը քննարկել են նաեւ մայիսի 31-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին առնչվող օրակարագային մի խումբ հարցեր, անդրադարձել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական, հումանիտար, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող թեմաներ:



























