Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Խիաո Ժաոյին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը։

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու եւ նախատեսված ծրագրերն իրականացնելու համար Բանկի կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 80 մլն ԱՄՆ դոլար օժանդակության համար։

Փոխնախագահ Ժաոն ասել է, որ Ասիական բանկը շահագրգռված է Հայաստանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների զարգացմամբ։

Բարձր գնահատելով Բանկի եւ Հայաստանի կառավարության միջեւ ձեւավորված համագործակցությունը, նա ասել է, որ դիտարկել է համատեղ իրականացվող գյուղական ճանապարհների վերականգնման եւ ջրամատակարարման ու ջրահեռացման ծրագրերը եւ տպավորված է դրանց ընթացքից։

Փոխնախագահը նաեւ վստահեցրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է այսուհետ եւս աջակցել Հայաստանին` հաղթահարելու ճգնաժամի հարուցած դժվարությունները։

Սերժ Սարգսյանը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար էական է համարել ոչ միայն ֆինանսական աղբյուրների ներգրավման տեսանկյունից, այլ նաեւ կարեւորել է այն փորձառությունը, աշխատանքի մշակույթը, որ նրանք բերում են Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել էր, թե բանակցություններ են ընթանում Ասիական զարգացման բանկի հետ՝ եւս 500 մլն դոլար վարկ ստանալու համար: