Ընտրական պրոցեսների վերաբերյալ ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբը եւս ստացել է մի շարք ահազանգեր: Պարույր Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ահազանգեր են ստացել ընտրատեղամասերում կուտակումների առաջացման, անձնագրերում դրվող դրոշմակնիքների վերաբերյալ, մասնավորապես, որ դրանք անհետանում են մի քանի ժամերի ընթացքում: Մարզերից ահազանգեր են ստացվել բաց քվեարկության, կրկնաքվեարկությունների, ուղղորդված քվեարկությունների վերաբերյալ:

Պարույր Հայրիկյանի շտաբը բազմաթիվ ահազանգեր է ստացել Արարատի մարզի Սիսավան, Ոստան եւ Շիրակի մարզի Սարալանջ գյուղերից, որտեղ նշվում են, որ թույլ չեն տալիս մարդկանց կատարել իրենց ընտրությունը, քվեարկված քվեաթերթիկներ են տալիս կամ ասում են, որ ձեր փոխարեն քվեարկությունը տեղի է ունեցել: «Մենք չենք կարող արձանագրություն կազմել, քանի որ քաղաքացիները չեն ներկայանում, իրենք զանգահարում են, տեղյակ են պահում, սակայն չեն ներկայանում»,- նշեց նա:

Մանյա Այվազյանի խոսքով` մենք չենք կարող ունենալ լավ ընտրություն, ընտրական մշակույթ, քանի քաղաքացիական հասարակությունը չի կայացել:

Ի դեպ, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Պարույր Հայրիկյանը վերադարձել է հիվանդանոց: Հիվանդանոցի տնօրեն Արա Մինասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նա այսօր գիշերը մնալու է հիվանդանոցում, աջ ձեռքի ցավը մեղմացնելու համար ֆիզիոթերապեֆտիկ բուժումներ է ընդունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է տասներկուսից քսան տարի ազատազրկում կամ ցմահ դատապարտում): Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել: Մահափորձից հետո` փետրվարի 1-ին, Հայրիկյանը հայտարարել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությւնները հետաձգելու խնդրանքով: Այնուհետեւ նա մի քանի անգամ փոխել է իր որոշումը` մեկ հայտարարելով, որ դիմելու է, մեկ` որ դեռ որոշում չի կայացրել: Փետրվարի 10-ին Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ` երկու շաբաթով ընտրությունները հետաձգելու խնդրանքով, իսկ փետրվարի  11-ին նա ՍԴ-ից հետ է վերցրել իր դիմումը: Նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից: Սակայն մարզեր կատարած այցելությունները վատ էին անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, աջ ձեռքի ցավերը ուժեղացել էին եւ նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am