Տանզանիայում երեք տղամարդիկ գազանաբար վնասել են սպիտակ մաշկով երեխային` կտրելով նրա ձեռքը: Նման հանցագործությունները կատարվում են կրոնական նախապաշարմունքների պատճառով, քանի որ համարվում է, թե ալբինոսների մարմնի մասերը հաջողություն են բերում եւ մոգական հատկություններ ունեն:
Առաջին դասարանի աշակերտ Մվիգուլու Մագեսուի վրա հարձակումը կատարվել է երկրի հարավում: Երբ ալբինոս երեխան ընկերների հետ վերադարձել է տուն, նրա վրա երեք մարդ է հարձակվել: Չարագործները կտրել են երեխայի ձեռքն ու փախուստի դիմել: Ներկայումս տուժածը գտնվում է հիվանդանոցում:
Նախնական վարկածով, հանցագործները գործել են շահույթ ստանալու նպատակով, քանի որ ալբինոսների մարմնամասերը հաճույքով գնում են կախարդները` թալիսմաններ եւ հուլունքներ պատրաստելու համար:
BBC-ի փոխանցմամբ, Տանզանիայում մոտ 150 հազար ալբինոսներ են ապրում: Նրանց մեծ մասը տեղափոխվել է Դար-էս-Սալամ քաղաք, որտեղ իրենց ավելի անվտանգ են զգում, քան նախապաշարմունքներ ունեցող համագյուղացիների շրջանում, հաղորդում է NEWSru Israel-ը:




























