Բելգիական պատիժների կիրառման դատարանը փետրվարի 18-ին մերժել է մանկապիղծ եւ մարդասպան Մարկ Դյութրուի վաղակետ ազատման դիմումը:

Դյութրուն օգտվել էն իր օրինական իրավունքից եւ դիմում ներկայացրել դեռ փետրվարի սկզբին: Սակայն արդարադատության ներկայացուցիչները, փոխանակ միանգամից հայտարարեին մերժման մասին, երկշաբաթյա թայմ-աութ էին վերցրել` անհարկի ինտրիգ մտցնելով եւ բելգիական հասարակության մեջ դժգոհություն հարուցելով: Իսկ սպանվածներից մեկի փաստաբանը խոստացել էր ուտել իր պատմուճանը, եթե դատարանը բավարարի Դյութրուի խնդրանքը:

Բարեբախտաբար, սենսացիա չստացվեց, դատարանը ճաղերի ետեւում թողեց Մարկ Դյութրուին: Հատկանշական է, որ մարդասպանի մայրը հայտարարել էր, թե որդուն որեւէ դեպքում չի կարելի ազատ արձակել:

Բանտի պահապաններից մեկը հայտարարել է, թե «Շարլերուայի հրեշը» ամենահարուստ բանտարկյալն է, իր ունեցվածքը նա կուտակել է բանտում` արժեթղթերի հաջող գործարքների եւ բորսայում լավ խաղի: Բոլոր գործարքները նա կատարում է որդու միջոցով, ընդ որում լավ թաքցնում է իր եկամուտները կեղծ հաշիվների միջոցով, որպեսզի փոխհատուցում չվճարի սպանված երեխաների հարազատներին: