2013թ-ի նախագահական ընտրությունները շատ խայտառակ ընթացք ունեցան, իսկ exit poll-ի արդյունքներում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի տեղերը շփոթել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նրա խոսքով` քվեարկության 12-ի ժամերը ուղեկցվեցին զանգվածային ընտրախախտումներով: «Ես չեմ հիշում այսպիսի խայտառակ ընտրություններ, որ եղած լինեին Հայաստանում»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը:

Դիտարկմանը, թե այսինքն այս ընտրությունները 2008-ի նախագահական ընտրությունների հետ համեմատած ավելի վա՞տն էին, նա արձագանքեց. «Այո, այո: Այսպիսի զանգվածային լցոնումներ, զանգվածային ընտրակաշառքի բաժանումներ, այսպիսի զանգվածային բաց քվեարկությունների իրականացում գյուղերում, մարզերում եւ մասամբ քաղաքում ես չեմ հիշում: Կեղծ անձնագրերով քվեարկություն: Քաղաքացուն որտեղի՞ց այդ կեղծ անձնագրերը: Ի՞նչ է, անձնագրային բաժանմո՞ւնքն է իրենց ապահովել կեղծ անձնագերով, թե՞ ոստիկանության այլ մարմիններ: Ո՞վքեր են ապահովել»: Հարցին, թե բողոքարկելո՞ւ են ընտրությունների արդյունքները, Խուրշուդյանը պատասխանեց. «Արդյունքները հենց լինեն, մենք կվերլուծենք, թե ընթացքը, թե խախտումների ծավալը եւ ըստ դրա նոր որոշումը կկայացվի»:

Հիշեցնենք, որ exit poll-ի արդյունքներով Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 32 տոկոս ձայն, իսկ Սերժ Սարգսյանը` 58: