Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Լիպեցկի քաղխորհրդի պատգամավոր, իշխող «Եդինայա Ռոսիայի» անդամ Միխայիլ Պախոմովի նկատմամբ հաշվեհարդարի մասին, ում մարմինը գտել էին ցեմենտով լի տակառում: Պարզվել է, որ Պախոմովի նկատմամբ որսը վաղուց է սկսված եղել, որպեսզի հետ ստանան 80 մլն դոլարի պարտքը:
Քննիչների ներկայացմամբ` վարձկանները հետեւել են իրենց զոհի ամեն մի քայլին, նրանց հայտնի են եղել Պախոմովի բնակության հասցեները, հանգստանալու սիրելի վայրերը եւ այլն: Պախոմովին մի քանի անգամ փորձել են առեւանգել, բայց միշտ ձախողվել են, հաղորդում է HTB-ն:
Փետրվարի 12-ին ավազակները հասել են իրենց նպատակին: Պատգամավորի մարմինը գտել են մեկ շաբաթ անց` Մերձմոսկվայի Նոգինսկի շրջանի Վորովսկի ավանի ավտոտնակներից մեկում` ցեմենտի տակառում:
Life News-ը հայտնում է, որ պատգամավորի մարմինը ծածկված է եղել կապտուկներով, քերծվածքներով, արնազեղումներով, իսկ դեմքը խիստ այլանդակված է եղել, ինչից էլ քննիչները ենթադրել են, որ մահից առաջ պատգամավորին դաժանաբար տանջել են:
ՆԳՆ Լիպեցկի մարզի վարչությունում կայացած ճեպազրույցում հաստատվել են սպանության դրդապատճառի նախնական տվյալները:
«Դատելով կատարողների ցուցմունքներից` կարող ենք ասել, որ շահադիտական դրդապատճառով է, մասնավորապես` դա Պախոմովի պարտքն է պատվիրատուին», - ասված է ՌԴ Լիպեցկի մարզի ՔԿՔՎ պետի տեղակալ Սերգեյ Սելիշեւի հայտարարությունում, որը տեղակայված է շրջանային ՆԳՆՎ շրջանային կայքում:
Հիշեցնենք, Միխայիլ Պախոմովին առեւանգել էին փետրվարի 12-ին, մեկշաբաթյա որոնումներից հետո նրան գտել էին Նոգինսկի շրջանի Օբուխովո ավանի մասնավոր ավտոտնակի նկուղում` ցեմենտի մետաղական տակառում փակված:
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ոստիկանությունը պատգամավորի սպանության 12 կասկածյալի է ձերբակալել:
Քննիչներն արդեն վարկած են հրապարակել, համաձայն որի Լիպեցկի պատգամավորը առեւանգվել եւ սպանվել է Մոսկվայի շրջանի բնակարանային կոմունալ տնտեսության նախկին փոխնախարար Եվգենի Խարիտոնովի պատվերով:
Կասկածյալին բռնել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում: Եվս 11 մարդ է ձերբակալվել, դատարանն արդեն արտոնել է նրանցից վեցի կալանքը:




























