Հայաստանի ԿԸՀ-ն հրապարակել է հայ դիվանագետների  եւ նրանց ընտանիքների էլեկտրոնային քվեարկության արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, էլեկտրոնային եղանակով քվեարկողների ցանկում ընդգրկված էր 243 ընտրող, որոնցից քվեարկել են 228 մարդ, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Ձայների գերակշիռ մասը ստացել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` 218 քվե: Արման Մելիքյանը ստացել է 4, Րաֆֆի Հովհաննիսյանը 2 ձայն, մյուս թեկնածուները` 0 ձայն:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին, ժամը 8-ին մեկնարկել է էլեկտրոնային քվեարկությունը Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում: Քվեարկությունը տեւել է 5 օր եւ ավարտվել փետրվարի 13ին, Երեւանի ժամանակով ժամը 20-ին:

Ընտրողներն ընտրում են ինտերնետի միջոցով, հատուկ ծրագրի օգնությամբ: