Սոցիալիստական Հարավսլավիայի մահացած առաջնորդ, մարշալ Իոսիֆ Բրոզ Տիտոյի կնոջ տնից գողացել են նրա հուշերն ու զարդերը:
Քաղաքական գործչի այրին` 88-ամյա Յովանկա Բրոզը, զրկվել է փաստաթղթերից, փողից, ոսկերչական իրերից եւ մի արժեքավոր քանդակից, հայտնել է տուժածի փաստաբան Բոյանա Պավլովիչ Սարիչը: Կողոպտիչները Սերբիայի մայրաքաղաքի հարուստ Դեդինյե թաղամասում թոշակառուի առանձնատուն են ներխուժել փետրվարի 17-ին:
Կողոպուտի պահին Յովանա Բրոզը գտնվել է տան մյուս մասում: Տուժողը հայտնել է, որ չկան նրա հուշերը, որը նա գրել է վերջին 20 տարիների ընթացքում: Մի քանի տարի առաջ լրագրողները փորձել են հարցազրույց վերցնել Յովանա Բրոզից, սակայն նա հրաժարվել է այն պատրվակով, որ «ամեն բան կպատմի իր հուշերում»: Հուշերի համար պարբերականները նրան միլիոն դոլարներ են խոստացել, սակայն կինը մերժել է այդ առաջարկները:
Ավելի շուտ հենց սոցիալիստական ժամանակաշրջանի առաջին տիկնոջ հուշերն են եղել հանցագործների նպատակը: Վերցնելով ձեռագրերը` նրանք գողացել են նաեւ սեղանին դրված զարդերն ու փողերը, գրում է NEWSru.com-ը:
Յովանկա Բրոզը 1952 թվականին դարձել է մարշալ Տիտոյի հինգերորդ եւ վերջին պաշտոնական կինը: Ազդեցիկ քաղաքական գործչի դեռ կենդանության օրոք Յովանկա Բրոզի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել: 1976 թվականին նրան մեղադրել են Տիտոյին տապալելու նպատակով կազմակերպված դավադրության մեջ, որից հետո նա գտնվել է տնային կալանքի տակ: Նրան անընդհատ հետեւել են հատուկ ծառայությունների գործակալները: Կալանքը նրա վրայից հանվել է միայն 2000 թվականին, իսկ 2009 թվականին Յովանկային Սերբիայի քաղաքացիական անձնագիր են տվել:
Վերջին տարիներին երկրի կառավարությունը նրան բնակարան է հատկացրել եւ ոչ մեծ թոշակ է տրամադրում:




























