«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ փետրվարի 19-ին կազմել է 407 դրամ; Այսպիսով՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ՝ փետրվարի 15-ի գործարքների համեմատ որեւէ փոփոխություն չի կրել; Փետրվարի 18-ի ընտրություններն, այսպիսով, որեւէ ցնցում ֆինանսական շուկայում չեն առաջացրել:

Բորսայում այսօր վաճառվել է 900 հազար դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքի փոխարժեքը գտնվում է 406-408 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր էժանացել է ճապոնական իենի նկատմամբ եւ կայուն է եվրոյի նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվում է 1,3352 դոլարի մակարդակին մոտ: Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին երկուշաբթի հայտարարել է, որ եվրոյի փոխարժեքը կարող է ազդեցություն գործել գնաճի կանխատեսումների վրա, ինչը ներդրողների մոտ դոլարի նկատմամբ զգուշություն է առաջացրել:

Ռուսաստանի կենտրոնական բանկը եւս բարձրացրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,1277 ռուբլի: