ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության հետ կապված միջադեպը չի ազդի Հայաստանի միջազգային հեղինակության վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԽԽՎ-ի հայկական պատվիրակության ղեկավար, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: Նա միաժամանակ հավելել է, որ չի ցանկանում լրացուցիչ մեկնաբանություններ անել այդ առիթով. «Ես եկել էի Հայաստանի նախագահի ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների կարծիքը լսելու,  իսկ կատարվածն ինձ համար անակնկալ էր»:

NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  եւ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունների մամուլի ասուլիսը տապալվել էր: Դրա ժամանակ սրահ էր ներխուժել երկու տասնյակ քաղաքացիներից բաղկացած մի խումբ, որը դիտորդներին մեղադրել էր կեղծված ընտրություններով իշխանությունների վերարտադրմանը նպաստելու համար: Ակցիան կազմակերպվել էր «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: