Եվրոպական դիտորդական առաքելությունների ասուլիսը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում շարունակվում է: ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) եւ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունների համատեղ ասուլիսն ընդհատվել էր մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիայի պատճառով, սակայն մոտ կես ժամ անց այն վերսկսվել է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, այսօր` փետրվարի 19-ին, «Արմենիա-Մարիոթ»-ում ասուլիսը սկսելու պահին ներխուժել են մի խումբ ակտիվիստներ, որոնք տապալել էին ասուլիսը:

Ակտիվիստներից մի աղջիկ տեքստ է կարդացել, որում նշվում էր, թե երեկ կայացած ընտրություններն անցել են խախտումներով եւ եվրոպացի դիտորդներն իրավունք չունեն հաստատել այդ ընտրությունների արդյունքները: Անվտանգության աշխատակիցները փորձում էին հեռացնել աղջկան, սակայն նրանց չէր հաջողվել դա, քանի որ վերջինիս կողմնակիցները շրջապատել են աղջկան եւ թույլ չեն տվել դուրս հանել:

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները դուրս էին եկել սրահից: Ակցիայի մասնակիցները նաեւ վանկարկել են «Go home» (Գնացեք տուն): Լրագրողների հարցին, թե ովքե՞ր են, ակցիայի մասնակիցները նշել են, թե Հայաստանի քաղաքացիներ են, որոնք եվրոպացի դիտորդներից պահանջում են հեռանալ Հայաստանից եւ չլեգիտիմացնել ապօրինի ընտրությունները: