Հայաստանի նախագահի ընտրություններին խախտումներ են արձանագրվել, որոնք, սակայն, չեն ազդել արդյունքների վրա: Այդ մասին, փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում, հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հեյդի Թալյավինին:
Նրա խոսքով` արձանագրված լուրջ խախտումների շարքում են լցոնումները, վատ փակված քվեատուփերը, կրկնակի եւ բազմակի քվեարկության դեպքերը: «Բայց ընդհանուր առմամբ այդ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- հայտարարել է Հեյդի Թալյավինին եւ հավելել, թե ընտրություններն ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին, թեեւ արձանագրվել է վարչական ռեսուրսի կիրառում:
Դիտարկմանը, թե որոշ թեկնածուներ վստահված անձանց պակաս ունեին, ԺՀՄԻԳ ներկայացուցիչը նշել է, որ իրենք առաքելությունը չի ենթադրում թելադրել թեկնածուներին` ինչ անել:
Կտրուկ հարցին, արդյոք իրենք տեղյակ չեն եղել կոպիտ խախտումների մասին, եւ չեն տեսել տեսագրությունները, Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Միլան Ցաբրնոխը հավաստիացրել է, որ իրենց նման բաներ հայտնի չեն: Նա նաեւ նշել է, թե առաջին անգամը չէ Հայաստանում եւ առաջին ընտրությունները չի դիտարկում: Նա եղել է տեղամասերում եւ չի տեսել խախտումներ, որոնք կազդեին ընտրությունների արդյունքի վրա:




























