ԲՀԿ առաջնորդ, համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է գտնվել եւ չի մասնակցել քվեարկությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: «Իրականությանը չեն համապատասխանում որոշ լրատվամիջոցների հրապարակումները, որ պարոն Ծառուկյանը Հայաստանում չի գտնվել»,- նշեց նա: Թե ինչն էր պատճառը, որ երեկ այդպես էլ չէին հայտնում` Գագիկ Ծառուկյանը Հայաստանում է, թե ոչ, մասնակցելու է քվեարկության, թե ոչ, Իվետա Տոնոյանը նշեց, որ ինքը երեկ էլ շեշտել, որ տեղյակ չէր: Թե ինչն է պատճառը, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել քվեարկության, մամուլի քարտուղարն ասաց, որ յուրաքանչյուր մարդ, անհատ, քաղաքացի ինքն է որոշում կայացնում` մասնակցել ընտրություններին, թե ոչ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Առինջ գյուղում գտնվող Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում տեղակայված 28/28 տեղամասում երեկ խոսակցություններ են շրջում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցելու նախագահական ընտրությունների քվեարկությանը: NEWS.am-ի թղթակցի այդ ընտրատեղամաս այցելության ժամանակ դեռեւս Ծառուկյանների ընտանիքից ոչ ոք դեռ չի եկել քվեարկության: Երեկ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղարից հնարավոր չեղավ իմանալ, թե նա Հայաստանում է, թե` ոչ, գնալու է քվեարկության, թե` ոչ, եւ եթե գնալու է, երբ է դա լինելու:




























