Երկրապահ կամավորական միության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին` նախագահ ընտրվելու առթիվ:
Նրա շնորհավորանքում ասվում է.
«Երկրապահ կամավորական միության, Հանրապետության բոլոր երկրապահ ազատամարտիկների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի ու երիտասարդ երկրապահների եւ անձամբ իմ անունից շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Երկրապահ կամավորականների միությունը Ձեր հաղթանակը համարում է իր եւ հայ ժողովրդի հաղթանակը ու պատրաստ է այսուհետ էլ իր բոլոր ուժերը ներդնել երկրի զարգացմանն ու հզորացմանն ուղղված` Ձեր ծրագրերը իրականություն դարձնելու գործում:
Մեծարգո նախագահ
Այսօր Դուք նորից արժանացել եք Հայաստանի եւ Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայության վստահությանը եւ Ձեզանից է կախված Արցախի անկախության միջազգային ճանաչումն ու հայ ժողովրդի անվտանգության ապահովումը: Երկրապահների համար Արցախը` Հայաստան է, Հայաստանը` Արցախ է, Երեւանը պաշտպանվում է Հադրութից, Մարտակերտը պաշտպանվում է Էջմիածնից, Տավուշը պաշտպանվում է Մատաղիսից եւ մենք հավատացած ենք, որ Դուք որպես Ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած մարդ, շարունակելու եք երկրապահության պայքարը հանուն հայ ժողովրդի վերջնական հաղթանակների:
Երկրապահը գիտակցորեն գնալով ընտրությունների, իր մարտական ընկերոջը` Ձեզ ընտրել է Հայաստանի Հանրապետության նախագահ, Գերագույն գլխավոր հրամանատար, հավատալով որ միասին կկառուցենք ապահով Հայաստան, որտեղ բարեկեցիկ կյանքով կապրեն մեր սերունդները»:




























