Եվրախորհրդարանը պատրաստ է Հայաստանին աջակցել ժողովրդավարական բարեփոխումների գործում: Այդ մասին այսօր՝ փետրվարի 19-ին, հայտնել է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության նախագահ Միլան Ցաբրնոհը:
Եվրոպացի դիտորդի գնահատմամբ՝ քվեարկության օրը խաղաղ է եղել, իսկ դրան նախորդել է խաղաղ քարոզարշավը: Ըստ Եվրախորհրդարանի ներկայացուցչի՝ կառույցը կարեւորում է միջազգային փորձագետների խորհուրդներին հետեւելը, այդ թվում՝ նախօրեին կայացած ընտրությունների պարագայում:
Միլան Ցաբրնոհը հիշեցրել է, որ Հայաստանում մեկ տարուց էլ քիչ ժամանակահատվածում տեղի ունեցան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, ընդ որում՝ նկատելի է գործընթացի բարելավում: Եվրախորհրդարանի ներկայացուցիչն ընդգծել է ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին Հայաստանի առաջընթացի կարեւորությունը՝ Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների եւ ընտրական գործընթացների նկատմամբ վստահության վերականգնման պլանում:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























