Եմենի մայրաքաղաք Սանայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 9-ի, հաղորդում է Utro.ru-ն` վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 6 զոհի մասին:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սանայի քաղաքային հրապարակում ռազմական օդանավ է ընկել: Վթարի ենթարկված  Սու-22 կործանիչը բախվել է Ազատության հրապարակի շինությանը: Այս հրապարակը երկու տարի առաջվանից դարձել է հակակառավարական ցույցերի էպիկենտրոն, հայտնում է Al Jazeera-ն:

Չհաստատված տվյալներով` ռազմական օդանավն փորձնական թռիչք էր կատարում, եւ ինչպես հայտնում են մի քանի լրատվամիջոցներ` օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել, հաղորդում է  «Ուտրո.ռու»-ն:

Ըստ ՌԻԱ Նովոստիի` կատարվածի հետեւանքով, օդանավի ընկած տեղում հրդեհ է բռնկվել:

1970-ական թվականներին  մշակված Սու-22 օդանավը հանդիսանում է Խորհրդային  Սու-17-ի արտահանվող տարբերակը: Այն արտահանվել է տարբեր երկրներ, այդ թվում Եմեն: