Իսրայելի բանտերում պատիժ կրող մոտ 800 պաղեստինցիներ, փետրվարի 19-ին մեկօրյա հացադուլ են հայտարարել: Ակցիան անցկացվել է ի համերաշխություն չորս պաղեստինցի բանտարկյալների, որոնք արդեն մեկ ամիս է հրաժարվում են սննդից` բողոքելով առանց դատի եւ մեղադրանքներ ներկայացնելու իրենց փակի տակ պահելու դեմ:
Փետրվարի 18-ին զանգվածային ցույցեր են եղել Հորդանանի Արեւմտյան ափին, որը վերաճել է Իսրայելի զինվորականների հետ ընդհարման: Պաղեստինի իշխանությունները համարում են, որ իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ դիմել են միջազգային հանրությանը, այդ թվում եւ ՄԱԿ-ին ու ԵՄ-ին խնդրանքով` ազդել Իսրայելի դիրքորոշման վրա:
«Պաղեստինյան չորս խմբակցություններին պատկանող դատապարտյալներն երեք բանտերում մեկօրյա հացադուլ են անցկացնում` ի համերաշխություն հացադուլի մեջ գտնվող ընկերների»,- ասվել է Պաղեստինի բանտարկյալների միության հաղորդագրության մեջ: Դրանք ՀԱՄԱՍ-ի, «Իսլամական ջիհադ»-ի,Պաղեստինի ազատագրական Ժողովրդական եւ ժողովրդավարական ճակատների ակտիվիստներն են,հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ելույթ ունենալով «Պաղեստինի ձայն» ռադիոկայանի եթերում` դատապարտյալների գործով նախարար Իսա Կարակեն հայտարարել է, որ հացադուլը կարող է դառնալ անժամկետ եւ համընդհանուր, եթե Իսրայելի իշխանությունները չկատարեն պաղեստինցիների պահանջը: Դրանցից գլխավորը`հրաժարվել «վարչական ձերբակալությունների» սովորությունից, որը թույլ է տալիս առանց դատի եւ մեղադրանքների առաջադրման մարդկանց անսահմանափակ ժամանակով ճաղերի հետեւում պահել:




























