Կամերունի հյուսիսում` Նիգերիայի հետ սահմանում, յոթ ֆրանսիացիներ են առեւանգվել: Նրանց վրա հարձակվել են զինված մարդիկ` մոտոցիկլետներով:

Կամերունում Ֆրանսիայի ներկայացուցչությունը հաստատել է, որ առեւանգում է եղել, սակայն չի կարողացել ասել, թե չարագործները հստակ քանի հոգի են առեւանգել եւ արդյո՞ք բոլորը ֆրանսիացի են եղել:

Կամերունի տեղեկատվության նախարար Իսա Չիրոմա Բաքարին հայտարարել է, որ առայժմ չի կարող հաստատել այդ հաղորդագրությունը։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ ստուգում է հավանական առեւանգման մասին տվյալները։

Ինչպես հաղորդում է BFM.RU-ն, զբոսաշրջիկներին առեւանգել են վաղ առավոտյան Նիգերիայի սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող փոքր մի գյուղում։ Այն տեղակայված է Կամերունի հյուսիսում, ուր արեւմտյան երկրներից եկած զբոսաշրջիկները հաճախ են գալիս հանգստանալու։ Յոթ ֆրանսիացիների առեւանգումը տեղի է ունեցել Մալիում իսլամիստական ապստամբությունը ճնշելու Ֆրանսիայի գործողության հետ միաժամանակ։ Ֆրանսիայի ութ քաղաքացու իսլամիստներն արդեն պատանդ են պահում Սահել սավանայի տարածքում։