Հայաստանի նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո, ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում պետական եւ հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատ քաղաքացիներից, օտարերկրյա պետությունների ղեկավարներից:
ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել եւ շնորհավորել է Գարեգին Երկրորդը:
«Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին եւ գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»,- ուղերձում ասել է Գարեգին Բ-ն՝ բարեմաղթելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը մեր երկրի համար լինի զարգացման բեկումնային ժամանակահատված, երբ մեր ժողովրդի կյանքը կընթանա անշեղ վերելքի ու բարգավաճման ուղիով եւ կհաղթահարվեն հիմնախնդիրներն ու դժվարությունները:
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս, Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն եւս շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին: «Վստահ ենք, որ քվեարկողների մեծամասնության քվեների Ձեր անձի վրա կենտրոնացումը պատահական չէր, այլ դա որքան նրանց վստահության արդյունքն էր, նույնքան դեպի ապահով Հայաստանի ճանապարհի նրանց ակնկալիքները, որով պիտի հատկանշվի Ձեր առաջիկա հինգ տարիների պաշտոնավարման շրջանը»,-իր շնորհավորական ուղերձում նշել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս, Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն՝ վստահություն հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հաջողությամբ կիրագործի Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությամբ սահմանված համազգային նպատակները:




























