Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսը շնորհավորել է Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանին պետության ղելկավարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Սրտանց շնորհավորում եմ նախագահ Սարգսյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով եւ անհամբեր սպասում եմ, որպեսզի մարտի 14-ին ԵԺԿ ընդլայնված գագաթաժողովի ժամանակ անձամբ շնորհավորեմ նրան: Բացի այդ, ես բավարարված եմ այն փաստով, որ սրանք երկրում երբեւէ լավագույնս կազմակերպված ընտրություններն էին եւ հիմնականում համապատասխանում էին միջազգային չափորոշիչներին, ինչի մասին հայտարարել են ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունները (ԵԱՀԿ, ԵԽ, Եվրախորհրդարան, ԺՀՄԻԳ): Ես վստահ եմ, որ նախագահ Սարգսյանի ղեկավարմամբ երկրի ժողովրդավարացման գործընթացը հետագա ամրապնդում կունենա:

Այս հաղթանակը քաղաքացիների՝նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող ժողովրդավարական, տնտեսական եւ իրավական բարեփոխումներին աջակցելու եւ դրանց շարունակականությունը քաջալերելու ակնհայտ վկայությունն է: Բացի այդ, Հայաստանը ԵՄ հետ Ասոցիացման համաձայնագրի շուրջ հաջող բանակցություններով այժմ օրինակ է Արեւելյան գործընկերության մյուս գործընկերների համար: ԵԺԿ-ն վճռականորեն սատարում է Հայաստանի դեպի Եվրոպա տանող ուղին, եւ Հայաստանը կիսում է ընդհանուր ժառանգությունն ու արժեքները եւ, անկասկած, կիսելու է ընդհանուր ապագան»,-ասված է ուղերձում:

Վիլֆրիդ Մարթենսը լավ քարոզարշավ անցկացնելու եւ ընտրություններում լուրջ արդյունք գրանցելու առիթով շնորհավորել է նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին: