ԱՄՆ-ում հրաձգության հերթական դեպքն է գրանցվել. Արաբական ծագում ունեցող երիտասարդ տղամարդը սպանել է երեք հոգու, որից հետո ինքնասպան է եղել:

Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, կասկածյալ 20-ամյա Ալի Սաիդը Տաստին քաղաքում` իր ծնողների տանը կրակել է նախ մի կնոջ վրա: Թե ի՞նչ հարաբերությունների մեջ էր գտնվել սպանվածը մարդասպանի հետ` դեռ հայտնի չէ, հայտնում է ՆՏՎ-ն` վկայակոչելով New York Times-ը:

Ապա նա գողացել է ծնողների մեքենան եւ լցակայան հասնելով` սպանության սպառնալիքով պիկապ է գողացել` սեփականատիրոջն ասելով, որ դա իր «վերջին օրն է»:

Խաչմերուկներից մեկում առեւանգիչն իջել է մեքենայից, մոտեցել է կանգնած  BMW մակնիշի մեքենային, հրահանգել է վարորդին դուրս գալ,ապա նրան ճանապարհից դուրս հանելով` կրակել է հրազենով: Դրանից հետո Ալի Սաիդը նստել է  սպանվածի մեքենան եւ շարունակել է ճանապարհը:

Մինչ ոստիկանությունը կհասցներ մարդասպանի հետքի վրա դուրս գալ, նա սպանել է եւս մեկ մարդու եւ կրկին փոխել է մեքենան: Լսելով ոստիկանական մեքենաների ազդանշանը` երիտասարդը ինքնասպան է եղել` իր վրա կրակելով ընթացքի մեջ գտնվող մեքենայում: