Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն այսօր իր facebook-յան էջում համաքաղաքացիներին ուղղված կոչ է տեղադրել:
Կոչում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունում հերթական անգամ կեղծվել են ընտրությունները: Հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը, որի զարգացման արդյունքում ազագային հարստության 54 տոկոսին տիրացել են ժողովրդին հարստահարած տասը ընտանիքներ, կատարեց իր սեւ գործը: Առջեւում սեւի եւ սպիտակի միջեւ կենաց մահու պայքարի հերթական արարն է:
Մեծն փիլիսոփա Հեգելը գրում էր, որ Նախախնամությունը՝ Համաշխարհային Ոգին, ինքն է ընտրում այն դեմքերին, ում միջոցով կյանքի է կոչում հասարակության առաջադիմության եւ արդիականացման սեփական ծրագրերը: Այդ դեմքերն ՝ ընդամենը գործիքներ են ժողովրդի ձեռքում ՝ սեփական կյանքը փոխելու, Հայրենիքը առաջադիմության ճանապարհի վրա դնելու համար: Երեկ դա Լեւոնն էր, այսօր Րաֆֆին է, վաղը կարող է լինել ձեզանից որեւէ մեկը:
Հինգ տարի առաջ ղեկավարվելով այս տրամաբանությամբ մենք ընդունեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի ծառայությունը: Լեւոնն արեց այն, ինչ կարողացավ անել եւ տարիքի կամ այլ պատճառներով սուրբ տեղը թողեց թափուր:
Այդ ճակատագրական պահին համաժողովրդական շարժման առաջնորդությունն իր ձեռքը վերցրեց համաժողովրդական շարժման մեկ այլ ակտիվ մասնակից ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ազնիվ չի լինի, եթե մենք, ելնելով նեղ անձնական, խմբակային, կուսակցական ինչ - ինչ ճղճիմ նկատառումներից կողմ քաշվենք եւ իրադարձություններին հետեւենք պատշգամբից: Ուրեմն բոլորս դեպի Ազատության հրապարակ, այսօր, ժամը 17-ին, միահամուռ, հաղթանակի ակնկալիքով: Միացում, միացում, միացում, միացում, միացում, միացում…»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























