Ռուս միլիարդատեր եւ «Եդինայա Ռոսիայի» անդամ Անատոլի Լոմակինը Պետդումայի պատգամավորի իր լիազորություններից հրաժարվելու հայտ է ներկայացրել:  Պետդումայի կանոնակարգային հանձնաժողովը վճռել է այդ հարցը քննարկել փետրվարի 22-ի նիստում: Այսօր ավելի վաղ պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել պատգամավոր Վլադիմիր Պեխտինը:

Պետդումայում «Ռոսբալտին» հայտնել են, որ Լոմակինը հրաժարական է տալիս առողջական վիճակի պատճառով: Ըստ Ռուսաստանի խորհրդարանի ներքին պալատի կայքի տվյալների՝  պատգամավորը հասցրել էր մասնակցել միայն մեկ օրինագծի՝ ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից ռուս որբերի որդեգրման արգելքի մշակմանը: 

Նորությունն արդեն աշխուժորեն քննարկվում է Twitter-ում: Օրինակ, «Սպրավեդլիվայա Ռոսիայի» պատգամավոր Իլիա Պոնոմարյովը գրել է. «Իսկ ո՞վ է պատգամավոր Լոմակինը: Ոչ մի անգամ նրան Դումայում չեմ տեսել»: Իսկ բլոգեր Ալեքսեյ Նավալնին ենթադրել է, որ շուտով Դումայում գրեթե ոչ ոք չի մնա: Ըստ  Forbes-ի՝ Լոմակինի կարողությունը 1,2 միլիարդ դոլար է:

Այսօր ավելի վաղ պատգամավորի պարտականություններից ինքնակամ հրաժարվել էր «Եդինայա Ռոսիայի» անդամ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Պեխտինը: Նա խոստովանել էր, որ նման «դժվար որոշում» կայացրել է այն հրապարակված տվյալների պատճառով, ըստ որոնց ինքն իբր ԱՄՆ-ում խոշոր չհայտարարագրած անշարժ գույք ունի:  Ալեքսեյ Նավալնու բլոգում հայտնված տեղեկատվությունը նա անձամբ հերքում է եւ խոստանում ապացուցել իր իրավացիությունը: