Հնդկաստանում սեռական հողի վրա հերթական ցնցող հանցագործությունն է կատարվել՝ երեք երեխաների սպանությամբ: Նույն ընտանիքի բռնաբարված երեք աղջիկների դիակները հայտնաբերվել են գյուղական ջրհորի հատակում: Ոստիկանությունը սկզբում փորձել է թաքցնել գործի հանգամանքները՝ միջադեպը բնութագրելով իբրեւ «դժբախտ պատահար»:
Մանկահասակ երեխաների հետ հաշվեհարդար են տեսել Մահարաշթրա նահանգի Բհանդարա շրջանում տեղակայված գյուղում՝ Նագպուրից 65 կմ արեւելք, հայտնում է The India Times-ը:
Վեցամյա Փրիյա Բորքարը եւ նրա ավագ քույրեր իննամյա Փրաչան եւ 11-ամյա Թանուջան անհետացել էին դեռեւս փետրվարի 14-ին: Վերջին անգամ աղջիկներին տեսել էին դպրոցում՝ ժ. 13:30-ին:
Անհետացած երեխաների մայրն անմիջապես ոստիկանություն էր դիմել: Երկու օր անց գյուղացիները հայտնաբերել էին աղջիկների պայուսակներն ու կոշիկները հարազատ Լակհնի գյուղից երեք կմ հեռավորության վրա գտնվող Մուրմադի գյուղի ջրհորի մոտ:
Ջրհորում հայտնաբերել էին աշակերտուհիների այլանդակված մարմինները: Դիահերձումից հետո դատաբժշկական փորձագետները հաստատել էին, որ զոհերին դաժանաբար բռնաբարել եւ սպանել են:
Սակայն ոստիկանությունից սկզբում հայտնել էին, որ աղջիկները մահացել են «դժբախտ պատահարի հետեւանքով»: Միայն գյուղացիների կազմակերպած անկարգություններից եւ մայրուղին փակելուց հետո են ոստիկանները երեխաների առեւանգման, բռնաբարության եւ սպանության գործ հարուցել, հայտնում է NEWSru.com-ը:
Իշխանությունները մտավախություն ունեն, որ բռնաբարողների հերթական դաժան հանցագործությունը կհրահրի խռովությունների նոր ալիք: Մահարաշթրայի կառավարության ղեկավար Փրիտթվիրաջ Չավանը քաղաքացիներին հանգստության կոչ է արել: Մինչ այդ ՆԳՆ-ի ղեկավար Ռ. Պատիլը աշխատանքից ազատել էր Լակհնիի ոստիկանության բաժնի պետին:




























