Ծովահենները Նիգերիայի ափերին առեւանգել են վեց օտարերկրյա նավաստիների, որոնց մեջ եղել են նաեւ ռուսներ եւ փրկագին են պահանջել նրանց ազատ արձակելու համար:
Ինչպես հայտնում է AFP-ը, առեւանգվածներից երեքն Ուկրաինայից են, երկուսը` Հնդկաստանից, մեկը` Ռուսաստանից: Առեւանգիչներից մեկը զանգահարել եւ փրկագին է պահանջել` 200 մլն նայրա (մոտ մեկ մլն եվրո):
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել է այն մասին, որ անցած կիրակի` փետրվարի 17-ին Բայելսա նահանգի ափերին ծովահենները հարձակվել են Armadah Tuah նավի վրա եւ առեւանգել են մի քանի օտարերկրյա ծովայինների, այդ թվում եւ ռուսի, երեք ուկրաինացիների եւ երկու Հնդկաստանի քաղաքացիների:
Ըստ Maritame Executive համացանցային պարբերականի տեղեկությունների, նիգերական Armada Century Ltd. ընկերության կողմից շահագործվող Armadah Tuah նավի վրա, որի վրա Մալազիայի դրոշն է, հարձակման արդյունքում, ծովահենները առեւանգել են միայն դրա վրա գտնվող արտասահմանցի ծովայիններին: Անձնակազմի մեջ գտնվող նիգերացիները ծովահենների կողմից թողնված նավը հետ են բերել ափ, գրում է «ՌԻԱ Նովոստին»:




























