Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը համակարծիք է քաղաքացիական հասարակության այն անդամների հետ, ովքեր  համաձայն չեն միջազգային դիտորդների կողմից փետրվարի  18-ի նախագահական ընտրություններին տրված գնահատականին: «Հիացած եմ փետրվարի 19-ին «Մարիոթ» հյուրանոցում  երիտասարդ քաղաքացիների համարձակ գործողություններով»,- ասել է նա:

«Բոլորս էլ հասկանում ենք, որ ընտրությունները Հայաստանում չեն կարող բնութագրվել մարդու հիմնարար ազատությունների նկատմամբ  հարգանքի դրսեւորմամբ,  որովհետեւ շարունակաբար ուղղորդվում  են զանգվածային ընտրակաշառքի բաժանմամբ եւ քաղաքացիների նկատմամբ ճնշումների գործադրմամբ:

Ընտրությունների միջազգային դիտարկումները  չեն ենթադրում առաքելության անդամների  համար քաղաքական, իրավական կամ բարոյական պատասխանատվություն եւ երաշխավորված չեն կոռուպցիոն ռիսկերից: Ուստի, կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պայքարում են մեր երկրում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համար, չհիասթափվել միջազգային դիտորդների կողմից տրված` իրականությանը չհամապատասխանող  գնահատականներից  եւ հավատարիմ մնալ ժողովրդավարական արժեքներին: Ցավով արձանագրում եմ, որ միջազգային դիտորդները, ինչպես եւ 2008 թվականին, իրենց գնահատականներով ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար` ուժ եւ ճնշումներ կիրառելու  հանուն ընտրական իրավունքի պայքարող քաղաքացիների դեմ:  Սակայն վստահ եմ,  որ դա չի կարող կասեցնել քաղաքացիների պայքարը  մեր երկրում իրական ժողովրդավարություն հաստատելու գործում»,-ասված է Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մեջ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am