Հայաստանում մեկնարկել է հարկային բարեփոխումների նոր քառամյա ծրագիրը` ուղղված Հայաստանի հարկային միջավայրի բարելավմանը: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Ծրագրի իրականացման համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը առաջիկա 4 տարիների ընթացքում օժանդակելու է ՀՀ կառավարությանը` վերջին տարիներին հարկային համակարգում իրականացվող բարեփոխումների քաղաքականության շարունակականությունը ապահովելու, տնտեսավարող սուբյեկտների համար կայուն, կանխատեսելի ու նպաստավոր հարկային միջավայր ձեւավորելու գործընթացներում:

Ըստ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի՝ բարեփոխումները թույլ կտան 2.3-5.8%-ով բարձրացնել ՀՆԱ-ում հարկերի մասնաբաժինը:

Միջազգային փորձագետները կօգնեն ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ տիրապետել հարկային քաղաքականության եւ հարկային վարչարարության մշակման հմտություններին` միջազգային լավագույն փորձին համապատասխան, ինչպես նաեւ հարկային մարմիններում ներդնել եւ կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. դեկտեմբերի 4–ին վավերացրել է «Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր» համաձայնագիրը, որի շրջանակներում ՀԲ-ն Հայաստանին 12 մլն դոլար վարկ է հատկացրել։