Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանի Գուրջուանի շրջանի Կոլակի գյուղում մահացած 10 ամսական Բարբարա Ռաֆայելյանցի ընտանիքի անդամներին: հանդիպումը կայացել է ՆԳՆ շենքում, հաղորդում է «Գռուզիա օնլայնը»:

ՆԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` Ղարիբաշվիլին զոհված աղջնակի  հարազատներին ծանոթացրել է հետաքննության մանրամասներին: Բացի այդ, նախարարը նաեւ լսել է տեղի ունեցածի մասին նրանց վարկածները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2012-ի հոկտեմբերի 30-ին Վրաստանի Կոլակի գյուղում սպանված 10 ամսական աղջնակը հայուհի Բարբարա  (Վարվարա) Ռաֆալյանցն է:

Վրացական լրատվամիջոցների համաձայն «Ոստիկանություն հայտարարություն  է տրվել այն մասին, որ Գուրջուանի  շրջանի  Կոլակի գյուղի բնակչուհի 10 ամսական Բարբարա Ռաֆալյանցը կորել է»: «Անհետացման պահին տանը եղել են հայրը, մայրը, եւ տատիկը: Ոստիկանները, ընտանիքի անդամների հետ միասին,  օպերատիվ կերպով անցել են աղջկա որոնմանը: Մեկ ժամ անց երեխան հայտնաբերվել է ջրով լի կավե կարասի  մեջ: Վրաստանի ՆԳՆ իր խորին ցավակցությունն է հայտնել մահացած երեխայի ընտանիքի անդամներին», - ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ, փոխանցում է NEWS.ge-ն:

Աղջնակի ծնողները կատարվածը կապում են  իրենց բարեկամուհու` «Վրացական երազանքի»  ակտիվիստուհու քաղաքական գործունեության հետ, որին բազմիցս սպառնացել էին Ազգային շարժման ակտիվիստները:
Կոլակի գյուղում բնակիչները պահանջում են  գտնել եւ պատժել մեղավորներին:  «Վրացական երազանք» կոալիցիայից մեծամասնական թեկնածու Մանանա Բերիկաշվիլին մեղքը բարդել է Ազգային շարժման վրա: