Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հաշիվ է բացել Instagram-ում:  Այնտեղ արդեն տեղադրվել է 75 նկար, որոնցից առաջինում նա Վլադիմիր Պուտինի հետ է:

«Ալբոմի» զգալի մասը դեռ նվիրված է պաշտոնական անձանց` Դմիտրի Մեդվեդեւի, Նուրսուլթան Նազարբաեւի, Իլհամ Ալիեւի, Աբու Դաբիի ժառանգորդ արքայազն Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նախայանի, Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի, շեյխ Ահմադ Բին Մուհամադ Ալ Խազարջիի եւ այլոց հետ հանդիպումներին:

Քադիրովը սիստեմատիկ կերպով մեկնաբանում է իր ընթերցողների գրառումները: Նա արդեն մոտ 2000 ընկերանալու դիմորդ ունի, սակայն  Չեչնիայի ղեկավարն ավելացրել է միայն 15 մարդու: Նրանց մեջ են մտնում նաեւ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ու Հանրային պալատի անդամ Թինա Կանդելակին:

Ավելի վաղ արդեն հաղորդվել է, որ Չեչնիայի ղեկավարը միկրոբլոգ ունի նաեւ «Թվիթերում», որի ընթերցողների թիվն անցնում է 25 հազար մարդուց: Ռամզան Կադիրովն այնտեղ 270 գրառում է կատարել:

Instagram-ում վերջին (տվյալ պահին) գրառման մեջ Ռամզան Կադիրովը հաղորդել է, որ «գնում է մոր մոտ»: