Չարաբաստիկ Сarnival Triumph զբոսանավի ուղեւորները, որը մի քանի օր անշարժացած մնացել էր Մեքսիկական ծոցում, ամերիկա-բրիտանական Сarnival Corporation ընկերության դեմ կոլեկտիվ հայց են ներկայացրել Մայամիի դատարան:
Փաստաթղթի տակ հարյուրից ավելի մարդ է ստորագրել: Դժոխային ճանապարհորդության կազմակերպիչներին մեղադրում են նրա համար, որ, իմանալով նավի խնդիրների մասին, չեն հետաձգել հնգօրյա զբոսանքը: Որպես փաստարկ նշվում է հունվարի վերջին Triumph-ի հետ կատարված միջադեպը, երբ գեներատորը 8 ժամ չէր գործել:
Հայցվորները բողոքում են նաեւ նավի պայմաններից. դրանք հիվանդանալու կամ վնասվելու լուրջ վտանգ էին ներկայացնում:
Օրինակ, օդափոխության խնդիրների պատճառով ուղեւորները տախտակամածին էին քնում: Նրանց փչացած մթերք էին բաժանում, իսկ զուգարաններն ընդհանրապես չէին գործում, մարդիկ կարիքները հոգում էին որտեղ պատահի:
ՆՏՎ-ն հայտնում է, որ Сarnival Corporation-ի վրդովված հաճախորդներն ընկերությանը մեղադրում են նաեւ այն բանի համար, որ նավը քարշակել են ամերիկյան Մոբիլ, ոչ թե մեքսիկական Պրոգրեսո, որն ավելի մոտ էր:




























