«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննսիյանը պետք է իր քայլերը որոշակիացնի: Այդ մասին այսօր՝ փետրվարի 21-ի մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ստեղծվել է իրավիճակ, երբ նա պետք է վճռական քայլերի դիմի: Ի տարբերություն Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների՝ Սերժ Սարգսյանը մշտապես փորձել է խուսափել հակառակորդների հետ ուղղակի բախումից: Հուսով եմ, կգտնվի չեզոք տարածք, որտեղ նա եւ Րաֆֆի Հովհաննիսյանը կհանդիպեն»,- ընդգծել է նա:

Հովհաննիսյանի նախկին կուսակցի խոսքով՝ քաղաքական փակուղուց դուրս գալու ելքը իշխանությունների հետ համագործակցության մեջ չէ, այլ համակարգային փոփոխություններում: «Առաջին հերթին հարկավոր է խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնել: Իշխանությունը պետք է պատրաստ լինի մեկ օրում ընդդիմության վերածվելուն»,- ամփոփել է Լարիսա Ալավերդյանը:

Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am