Հայաստանում ապաստանած սիրիահայերի օգնության տարաբնույթ ծրագրերը շարունակվում են: Հայաստանի կառավարության, ՀՀ սփյուռքի նախարարության «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի», ՀԲԸՄ-ի, Հայց. Առաքելական եկեղեցու, հասարակական եւ բարեսիրական այլ կազմակերպությունների միջոցով ցուցաբերվող օգնությանն ավելացել է տաք հագուստի տրամադրման ծրագիրը:

Գերմանահայ գործարար Սուրեն Օհանյանի նվիրատվությամբ, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչությունը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնին» տրամադրել է մեծ քանակությամբ ձմեռային տաք հագուստ բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված: Հագուստի բաշխումը մեկնարկել է ՀԲԸՄ-Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Նոր Նորքի Հայորդյաց տանը: ՀԲԸՄ սիրիահայերի օգնության օժանդակ հանձնախմբի անդամները, ՀԲԸՄ կամավորներն ու «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի» աշխատակիցները երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 11ից մինչեւ ժամը 16:00 կընդունեն կարիքավոր սիրիահայերին ու նրանց կտրամադրեն հագուստը: