Լեզվական խնդիրների լուծումը լուրջ պետական քաղաքականություն է պահանջում: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

Նրա խոսքով` համապատասխան ծրագրեր, անկասկած, կան, սակայն չկան ծրագրեր լեզվական քաղաքականության վերաբերյալ:

Անդրադառնալով Մայրենի լեզվի միջազգային օրվան, որի մասին հռչակել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Երիցյանն ընդգծեց, որ միջազգային մակարդակով գոյություն ունի երկրի երեսից լեզուների վերացման վտանգ:

«Այդուհանդերձ, հայոց լեզուն այդ վտանգից դուրս է»,-վստահեցրեց նա ու հավելեց, որ որոշակի խնդիրներ կան: «Այսօր նույնիսկ չի գործում տերմինաբանական կոմիտեն: Դա կարող է սպառնալիք լինել Հայաստանի տնտեսության համար»,-ամփոփեց Երիցյանը: