Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում կատարված յուրացումների գործի շրջանակում ձերբակալել են Լենինգրադի մարզի կադաստրային պալատի ղեկավարի կնոջը՝ Սվետլանա Պյատունինային: Ստուգումների ժամանակ ջրի երես է դուրս եկել նաեւ սպանված ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի անունը:

Պատունինայի ամուսինը՝ Դենիս Կոլովնյակովը, պահպանել է վկայի կարգավիճակը. Ըստ «Ֆոնտանկայի» տեղեկության՝ վերջինիս հաջողվել է քննիչներին համոզել, որ ինքը անմասն է եղել:

Քննիչների վարկածով՝ հակաիրավական գործողությունների արդյունքում ՊՆ-ին պատկանող առնվազն 456 հա հողատարածքի ապօրինի օտարում է կատարվել, հայտնում է rbc-ն:

Ձերբակալությունը կատարվել է խուզարկությունների արդյունքում. նախօրեին օպերատիվ աշխատակիցներն այցելել էին Բերնգրադովկա ամառանոցային ավան, որտեղ ամուսինները քոթեջ ունեն, Լենինգրադի մարզի կադաստրային պալատ եւ Վսեվոլժսկում Պյատունինայի գրասենյակ:

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել էին գույքի սեփականության վկայականների տրցակներ՝ մեկական օրինակով, որոնցում նշված էր Պյատունինա ազգանունը: Մոտ 150 տարածքների սեփականատեր էր դարձել պաշտոնյայի կինը, 50-ինը՝ նրա մայրը:

Պյատունինայի ամուսնու մասին կադաստրային պալատում միայն դրական էին արտահայտվում, սակայն նրա կնոջ դեպքում իրավիճակն այլ է. «Մշտապես լուրեր են շրջում, որ նա ապօրինի հարցեր է լուծում»: Կասկած կա նաեւ, որ նրան ամուսնուց «զիլ» անձ էր հովանավորում:

Փետրվարի 12-ին իրավապահներն արդեն անցկացրել էին խուզարկությունների առաջին շարքը, հաղորդվել է, որ վնասը միլիարդ ռուբլի է գնահատվում: Նաեւ հայտնի է դարձել, որ նյութերում «Օբորոնսերվիս»-ի գործով ամբաստանյալ Ելենա Վասիլեւայի, ինչպես նաեւ Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանի ստորագրությամբ փաստաթղթեր են գտնվել: