ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն անլուրջ է համարում հեղափոխության ճանապարհով իշխանափոխություն կատարելու մասին խոսակցությունները: Այդ մասին իր կարծիքը նա հայտնել է այսօր՝ փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում մոտ 37 տոկոս ձայն հավաքած Րաֆֆի Հովհանիսյանն իշխանություններին մեղադրում է իր ձայները գողանալու համար: Ըստ Րաֆֆի Հովհանիսյանի՝ իրականում ինքն է հաղթել՝ 80 տոկոս ձայն հավաքելով: Հովհաննես Սահակյանի լավատեսական դատողությունների առիթ են դարձել մի քանի հանգամանքներ:
Նախ, պատգամավորի կարծիքով Հովհաննիսյանի կերպարն «այնքան էլ հեղափոխական չէ»: Երկրորդ, Հովհաննիսյանը գիտակցում է օրինականությունը պահելու անհրաժեշտությունը եւ այն հանգամանքը, որ իշխանության զավթումը քրեորեն պատժելի արարք է:
«Րաֆֆի Հովհանիսյանն արկածախնդրության չի դիմի, թեեւ ամբիոնից պաշտոններ է բաշխում», - վստահ է Հովհաննես Սահակյանը:
Անցնելով իրեն ընդդիմադիր հռչակած Րաֆֆի Հովհանիսյանի գործունեության ավելի կոշտ գնահատականներին՝ ՀՀԿ-ական պատգամավորը հիշեցրել է, որ «Ժառանգությունը» խորհրդարանում կիսախմբակցություն ունի, քանի որ վերջերս նրա շարքերը նոսրացան: «Նման ուժերով հեղափոխություն արվում է միայն վարդագույն երազում: Թեեւ հնարավոր է՝ նա այդպիսի երազ է տեսել», - նշել է Սահակյանը:
Միաժամանակ նա ընդունել է երկրում դժգոհ զանգվածների գոյությունը, ինչի ապացույցն են Րաֆֆի Հովհանիսյանին տրված ձայները: Հենց այդ նույն ձայները վկայում են ընտրությունների թափանցիկության մասին, հավելել է նա:
Այնուամենայնիվ, որեւէ գույնի հեղաշրջման պայմաններ Հովհաննես Սահակյանը չի տեսնում: «Կարծում եմ՝ որպես բարի եւ բարյացակամ մարդ, Րաֆֆի Հովհանիսյանն օրերս կարթնանա եւ, բարեւելով բոլորին, կուղեւորվի նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանին ընտրություններում հաղթելու առթիվ շնորհավորելու», - հուսով է Հովհաննես Սահակյանը:




























