Հայաստանի նախագահի ընտրությունները բարձր մակարդակով են անցել, եղել են թափանցիկ եւ մրցակցային, ժողովրդավարական եւ օրինակելի, ինչը հաստատում են միջազգային դիտորդները: Այդ մասին իր կարծիքը նա հայտնել է այսօր՝ փետրվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ նրա՝ քարոզարշավը բավական ազատ է եղել, լրատվամիջոցները հավասարաչափ լուսաբանել են բոլոր թեկնածուներին, ընտրողների հետ նրանց հանդիպումներին ոչինչ չի խանգարել: Եթե եղել են խախտումներ, ապա դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, վստահ է պատգամավորը: Ըստ Սահակյանի՝ ընտրությունների թափանցիկության եւս մեկ դրսեւորում է ընտրողների ձայների բաշխումը: Ըստ նրա՝ ժամանակին ընդդիմության առաջնորդ, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակությունն ավելի բարձր էր, քան այժմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանինը, սակայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հաջողվել է ավելի շատ ձայներ ստանալ: Իշխող կուսակցության պատգամավորը դրա պատճառը տեսնում է լավ կազմակերպված, թափանցիկ եւ մրցունակ քարոզարշավում, որը Հովհաննիսյանին հնարավորություն էր տվել կոնսոլիդացնել ընդդիմությանը:
Պատասխանելով ընտրողներին ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների մասին հարցին՝ Հովհաննես Սահակյանն ընդգծել է, որ խախտման նման տեսակն ապացուցելը շատ դժվար է, եւ ամենից շատ կաշառքների մասին խոսողներն էլ իրականում ապացույց չունեն: Համենայն դեպս, ՀՀԿ-ն նման արջի ծառայությունների կարիք չուներ, նշել է պատգամավորը: «Մենք վստահ էինք մեր ուժերին, եւ մեզ բնավ էլ պետք չէր ընտրական գործընթացը վարկաբեկող նման աղմուկ», - նշել է Հովհաննես Սահակյանը:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























