Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել: Նա կասկածվում է Ռուսաստանի մի քանի քաղաքներում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձի մեջ:

Դատավոր Նատալյա Մուշնիկովան ընդգծել է, որ ազատության մեջ Թարգամաձեն կշարունակի իր ակտիվությունը եւ կարող է մինչեւ վերջ հասցնել իր պլանը:

Մուշնիկովան հատուկ նշել է, որ վրացի պատգամավորը կապեր ունի հանցավոր աշխարհում եւ կարող է ճնշում գործադրել հետաքննության վրա, հաղորդում է НТВ-ն:

Քննիչը դատարանում հայտարարել է, որ Թարգամաձեն, Լեբեդեւը, Ուդալցովը, Ռազբոզժաեւը Ռուսաստանի մի քանի քաղաքներում անկարգություններ կազմակերպելու դիտավորությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացրել, ճամբարներ են կազմակերպել, մարդկանց ներգրավել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վրացի քաղաքական գործիչ Գիվի Թարգամաձեն, ով մեղադրվում է Ռուսաստանում զանգվածային անկարգություններ նախապատրաստելու փորձի մեջ, միջազգային հետախուզման մեջ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի քննիչ Ռուստամ Գաբդուլինը:

«Փետրվարի 15-ին որոշում է կայացվել Թարգամաձեին միջազգային հետախուզում հայտարարելու մասին, քանի որ նա թաքնվում է Վրաստանի տարածքում»,- պատմել է Գաբդուլինը: Քննիչը հստակեցրել է, որ Ինտերպոլին հարցում անելու համար հարկավոր է դատարանի կողմից հեռակա կալանավորման որոշում:

Գործի նյութերով, մեղադրյալը ակտիվորեն զբաղվում է տարբեր երկրներում ընդդիմադիր ուժերին խորհրդատվություն տալով, ֆինանսավորել եւ կազմակերպել է անկարգություններ Ռուսաստանում:

«Թարգամաձեի մեղսակցությունը հաստատվում է փորձաքննությամբ, վկաների հարցաքննությամբ, օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով»,- ընդգծել է Գաբդուլինը: