Իշխանության ղեկին կանգնած ավազակները պետք է պրոֆեսիոնալ դառնան: Այս մասին, այսօր` փետրվարի 21-ին, մամուլի ասուլիսում նշեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով` այդկերպ կարելի կլինի հանել լարվածությունը, որն ի հայտ է գալիս իշխանությունների եւ հասարակության միջեւ, ինչպես նաեւ հենց իշխանության ներսում: «Նախարարները, քաղաքապետերը, գյուղապետերը, բոլորը պետք է վերակառուցվեն»,-ասաց Մանուչարյանը:

«Մենք հիմա, նախկինի պես, բաժանված ենք եւ գտնվում ենք հակամարտության վիճակում եւ հիմա մեզ համար շատ կարեւոր է ունենալ այն միասնությունը, որը եղել է ղարաբաղյան շարժման տարիներին: Միաժյն այդ ժամանակ էր մեր հասարակությունը միասնական: Դրանից հետո հասարակության անհնազանդությունը եղել է դրվագային, երբ հասարակության մի մասն ընդվզել է մյուսի դեմ: Իրավիճակը պետք է իր հսկողության տակ վերցնի ժողովուրդը, բայց դրա համար նա ռեսուրսներ չունի»,-ասաց Մանուչարյանը:

Նրա խոսքով` ամենավտանգավոր եւ սխալ որոշումը կլինի նաեւ ընդդիմության ագրեսիվ քայլերը: «Եթե որեւէ մեկը նպաստի բախմանը, դա ամոթ կլինի: Եթե որեւէ մեկը նպաստի ներկա վիճակին, դա էլ ամոթ կլինի: Հայաստանը պետք է միասնական լինի»,-ամփոփեց նա:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am