Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է մոդելային բիզնեսում եւ էսկորտ-ծառայությունների ոլորտում աշխատող աղջիկների սերիական մարդասպանին: Կասկածյալը վրաստանցի մոգ եւ հեքիմ 42-ամյա Գեորգի Մարտիրոսյանն է, հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ն:

Մոգը կանանց առաջարկել է «դրական էներգիայով լիցքավորել» նրանց դրամական միջոցները: Իր զոհերի միջոցներին տիրանալու համար նա տուժածներին հերոինի մահացու չափաբաժին է ներարկել: Նա գիտեր, որ աղջիկները մոդելի դժվար կյանքի պատճառով դանդաղ ազդող թմրանյութեր էին օգտագործում՝ հերոին եւ մետադոն: Ըստ իրավապահների՝ կասկածյալը նման միջոցով սպանել է առնվազն չորս կնոջ: Բոլոր դեպքերում էլ նա վերջիններիցս թալանել է 1,5-3 միլիոն ռուբլի, գրում է Life News-ը:

Հերթական սպանությունից հետո մեդիումին մատնել է  զոհի տան շքամուտքում տեղադրված տեսախցիկի տեսագրությունը: 23-ամյա Նատալյա Տրապեզնիկովայի մարմինը հայտնաբերվել էր Կրասնայա պրեսնյա փողոցի իր բնակարանում դեռ 2011թ. սեպտեմբերի 21-ին: Դիակը լոգարանում է եղել, եւ սկզբում քննիչները կարծել են, թե աղջիկը  թմրանյութի մեծ չափաբաժին է ընդունել եւ մահացել: 

Սակայն տեսանյութերը դիտելուց հետո իրավապահները կասկածել են, որ աղջիկը սպանվել է, քանի որ նրա մահվանից անմիջապես հետո մուտքից դուրս է եկել  տղամարդ՝  ծանր պայուսակով: Արտաքնապես նա կովկասցի Գեորգի Մարտիրոսյանին է նման եղել, եւ էքստրասենսին շուտով ձերբակալել են: Սակայն  տեսանյութերում հենց նրա լինելն ապացուցելու համար պահանջվել է 1,5 տարի:
Գեորգի Մարտիրոսյանին կասկածում են եւս երեք սպանություններում՝ իրագործած Տագանսկի եւ Մոսկվայի Կենտրոնական շրջանի այլ թաղամասերում: Զոհերից է դարձել ոչ միայն  21-ամյա աղջիկը, այլեւ վերջինիս 1972թ. ծնված մայրը:

Գեորգի Մարտիրոսյանը հայտնի է ռուսաստանցի կախարդների մասնագիտական ընկերակցությունում: Նրան առանձին էջ է նվիրված «Էքստրասենսների աշխարհը» կայքում:  Իսկ «ՎԿոնտակտեի» իր էջում Գեորգի Մարտիրոսյանն իրեն անվանում է հիքիաթային բարի բառով՝ Հրաշագործ: Իսկ ընկերները նրան Գարիկ են անվանում: