Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ` «Panorama.am» կայքում 2013 թվականի փետրվարի 20-ին հրապարակված «Խուրշուդյանը ՊՆ-ի համար հրապարակում է զինվորին ուղղորդելու տեղամասը» վերտառությամբ հոդվածի հիման վրա:

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տրամադրել է լուսանկար եւ հրապարակել տեղեկատվություն, որ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված թիվ 29/13 ընտրական տեղամասում ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ գրանցվել է զինվորին ուղղորդելու դեպք:

Ուսումնասիրելով կայքում տեղադրված ընտրատեղամասում կատարված լուսանկարը եւ տեղեկատվությունը, հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ թիվ N զորամասի զինծառայողի կողմից խախտվել է քվեարկության գաղտնիությունը:

Նկատի ունենալով, որ համացանցում տեղադրված տեղեկություններում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am