Փետրվարի 20-ին Պրահայում Հայաստանի դեսպանության, Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Րոբին Բյոհնիշի եւ «Դիվերբիում» քաղաքացիական ընկերակցության նախագահ Պավլա Տրուհլարովայի նախաձեռնությամբ Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատում անցկացվել է ղարաբաղյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցին նվիրված սեմինար-կինոդիտում:
Նախ, ներածական ելույթով հանդես է եկել պարոն Բյոհնիշը` նշելով, որ Չեխիան ցանկանում է բարեկամական հարաբերություններ զարգացնել հարավկովկասյան բոլոր պետությունների հետ եւ դա հաջողվել է այն պատճառով, որ Չեխիան հավասարակշռված դիրքորոշում ունի ղարաբաղյան հակամարտության հարցում, որը հաստատուն է մնում անկախ ամեն ինչից։
Նա հայտնել է, որ երբեմն խորհրդարանականների դիրքորոշումները եւ հայտարարությունները չարաշահվում են, ինչը տեղի է ունեցել նաեւ երեկ, երբ ադրբեջանական մամուլը հրապարակել է հայտնի բանաձեւը՝ նախքան դրա պաշտոնապես ուժի մեջ մտնելը եւ կոմիտեի (արտաքին հարաբերությունների կոմիտե) կողմից հրապարակելը:
Այնուհետեւ ծավալուն ելույթ է ունեցել Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա նախ ներկայացրել է ղարաբաղյան շարժման սկիզբը, երբ, ի պատասխան խաղաղ ցույցերի, ադրբեջանցիներն իրականացրին Սումգայիթի ջարդերը եւ մի շարք այլ բռնություններ, ինչպես նաեւ՝ պատերազմ սկսեցին: Այս պատերազմը, որն ամենաարյունալին էր հետխորհրդային տարածքում, ունեցավ տասնյակ հազարավոր զոհեր:
Այնուհետեւ, դիմելով դահլիճում ներկա չեխ պատգամավորներին, ՀՀ դեսպանն անդրադարձել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի՝ Խոջալուի իրադարձություններն աղավաղող միակողմանի բանաձեւին: Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հակահայ ռասիստական եւ ռազմատենչ քարոզչության վրա, առանց խտրականության օգտագործում է բոլոր հնարավոր միջոցները: «Այդ քարոզչության պտուղներն այսօր, ցավոք, կարելի է ճաշակել նաեւ Չեխիայի Հանրապետությունում», - նշել է նա: «Որոշ պատգամավորներ, առանց հաշվի առնելու պատմական իրողություններն ու փաստերը, որի վկան է դահլիճում գտնվող ողբերգության ականատես չեխ լրագրող Դանա Մազալովան, ընդունել են ադրբեջանամետ մի հայտարարություն, որը ձեռնտու է միայն Ադրբեջանին` մի երկրի, ուր հայատյացությունը եւ ռասիզմը պետական քաղաքականություն են, ուր հարյուրավոր քաղաքական բանտարկյալներ կան, ուր հերոսացվում է դաժան ոճրագործ Սաֆարովը, ուր հայկական ջարդերի մասին ճշմարտությունն ասած եւ համերաշխության կոչ արած հայտնի գրող Աքրամ Այլիսլիին պետական մակարդակով հալածում եւ պարսավում են», - շարունակել է դեսպանը:
Դեսպանի ելույթից հետո ցուցադրվել են հատվածներ «Սումգայիթ. սովորական ցեղասպանություն» վավերագրական ֆիլմից, այնուհետեւ՝ բուլղարացի լրագրող եւ հրապարակախոս Ցվետանա Պասկալեւայի «Իմ սիրելի ողջեր ու զոհվածներ» ֆիլմը։
Ֆիլմի դիտմանը հաջորդել է Ցվետանա Պասկալեեւայի խոսքը, որտեղ նա ներկայացրեց, թե ինչպես է հայտնվել Ղարաբաղում` նշելով, որ իրադարձությունները եւ ճշմարտությունը ստիպեցին մնալ Արցախում եւ լուսաբանել հերոսական ժողովրդի պայքարը: Պասկալեւան հորդորել է պատգամավորներին որեւէ որոշում ընդունելուց առաջ լավ ուսումնասիրել փաստերը: «Եթե Չեխիան ցանկանում է ապացուցել, որ չեզոք երկիր է ղարաբաղյան հակամարտությունում, նույն հանձնաժողովը պետք է սումգայիթյան ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ ընդունի», - շեշտել է վավերագիրը: Ցվետանա Պասկալեւան նշել է նաեւ, որ ղարաբաղյան պատերազմի մասին իր վավերագրական ֆիլմերը աշխարհի քաղաքական գործիչներին ուղղված կոչեր են՝ քաղաքական ցինիզմի փոխարեն քաղաքական կամք դրսեւորելու եւ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը: Միայն դրանից հետո հայերն ու ադրբեջանցիները կկարողանան համերաշխ ապրել` իբրեւ լավ հարեւաններ:
Այնուհետեւ ելույթ է ունեցել Չեխիա-Թուրքիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ, արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ, պատգամավոր Վացլավ Կուբատան, ով հայտարարել է, որ կոմիտեն նպատակ չի ունեցել ընդունելու կողմերից մեկին պաշտպանող բանաձեւ, այլ պարզապես ցանկացել է դատապարտել խաղաղ բնակչության նկատմամբ բռնությունները։ Նա ընդունել է, որ բանաձեւն այս տեսքով իր նպատակին չի ծառայում, այն ընդունվել է հապճեպ՝ առանց պատշաճ կերպով փաստերն ուսումնասիրելու եւ կարիք ունի լրացուցիչ քննարկումների:
Միջոցառման ավարտին ելույթով հանդես է եկել նաեւ չեխ լրագրող Դանա Մազալովան, ով վերստին, իբրեւ Խոջալուի իրադարձությունների ականատես, հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը եւ դատապարտեց արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմնակալ հայտարարությունը:
Սեմինարին ներկա են եղել նաեւ Չեխիայի հայ համայնքի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, պատգամավորներ, Պրահայի հայ, հրեական եւ ադրբեջանցի համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ:




























