Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որտեղ անդրադառնում է ընտրողների անձնագրերում կնիքներ դնելուն, նաեւ դրոշմակքնման փոխարեն մատների թանաքոտում կիրառելուն:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն` անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում է այնպիսի նյութ, որն օգտագործելուց հետո առնվազն 12 ժամ պահպանվում է, իսկ հետո` անհետանում: Միջազգային փորձի ուսումնասիրությունից կարելի է եզրակացնել, որ ընտրախախտումների կանխարգելման արդյունավետ մեխանիզմ է հանդիսանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, այսինքն` ոչ միայն ընտրական ցուցակների կազմման, վարման, դրանց հրապարակայնության, ընտրական տեղամասում ընտրողների ցուցակում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալների գրանցման կանոնակարգումները, այլեւ դրանց դրոշմակնքումը կամ ընտրողի մատների թանաքոտում (Եգիպտոս, Լատվիա, Հնդկաստան, Մեքսիկա, եւ մի շարք այլ երկրներ):
2012 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացի հետ կապված խնդիրների վերաբերյալ ստացվել էին 64 ահազանգեր: Այդ ահազանգերը վերաբերել էին թե´ դրված դրոշմակնիքների` օրենքով սահմանված ժամկետից շուտ անհետացմանը եւ թե´ դրանց սահմանված 12 ժամից ավել մնալուն: 2013 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ նույնպես ստացվել են 68 ահազանգեր, որոնք վերաբերել են անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման գործընթացին: Կրկին անգամ ահազանգերը վերաբերել են դրոշմակնիքի կամ շուտ անհետանալուն, կամ սահմանված 12 ժամից ավել մնալուն: Ահազանգերը վերաբերել են նաեւ նրան, որ դրված կնիքները անձանց ցանկության դեպքում հեշտությամբ հնարավոր էր ջնջել: Կնիքի հեշտությամբ ջնջվելը խիստ մտահոգիչ է այնքանով, որ այն չի համապատասխանում ընտրողների ստուգման երկաստիճան համակարգի նպատակին եւ ավելին, նպաստավոր պայմաններ է ստեղծում իրավախախտների կողմից ընտրակեղծիքներ կատարելու համար:
Պատահական չէ, որ միջազգային մի շարք կազմակերպություններ դրական էին գնահատել 2011 թվականին ընդունված նոր ՀՀ ընտրական օրենսգրքի մեջ դրոշմակնքման վերաբերյալ դրույթի ներառումը, քանի որ այն պետք է հանդիսանար ընտրախախտումների կանխարգելման մեխանիզմ: Սակայն ԿԸՀ-ի կողմից առ այսօր հնարավոր չի եղել ստանալ այնպիսի մի նյութ, որը կհամապատասխաներ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին եւ միջազգային չափանիշներին:
ՀՀ Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, Ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 01.08.2012թ ներկայացված հաղորդագրությամբ առաջարկվել էր հանել Ընտրական օրենսգրքի դրոշմակնքման վերաբերյալ դրույթը: Միեւնույն ժամանակ մի շարք միջազգային կազմակերպություններ հայտնել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է ընտրողների ստուգման երկաստիճան համակարգը, սակայն դրոշմակնիքի ինստիտուտի վերաբերյալ հայտնել են, որ առավել դասական եւ փորձված միջոց է ընտրողների մատների թանաքոտումը, այլ ոչ դրոշմակնքման ինստիտուտը:
Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք 5-օրյա ժամկետում հստակեցնել, թե արդյոք հնարավոր է դրոշմակքնման համար այնպիսի նյութի ձեռքբերումը, որը կհամապատասխանի ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին եւ միջազգային չափանիշներին: Հակառակ դեպքում՝ գտնում ենք, որ այս խնդրի հետեւանքով առաջացած ընտրախախտումների ռիսկի եւ հանրության մտահոգությունների բացառման համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում` դրոշմակքնման փոխարեն նախատեսելով մեկ այլ մեխանիզմ, այն է՝ մատների թանաքոտումը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























