Եգիպտոսի գլխավոր դատախազությունը պաշտոնապես դիմել է «Ինտերպոլին»` խնդրելով ձերբակալել երկրի նախկին վարչապետ եւ նախագահի նախկին թեկնածու Ահմեդ Շաֆիքին: Այս մասին լրագրողներին հայտնել է դատախազության ներկայացուցիչ Մուստաֆա Դուվեյդարը:
Նշենք, որ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ Ահմեդ Շաֆիքը Մուբարաքի իշխանության օրոք զբաղեցրել է քաղաքացիական ավիացիայի նախարարի եւ վարչապետի պաշտոնները: Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստին», Եգիպտոսում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որոնցից առավել աղմկահարույցն, այսպես կոչված, «ավիացիայի հողերի մասին գործն» է:
Շաֆիքը մեղադրվում է մեքենայությունների եւ պետական ունեցվածքի յուրացման մեջ` 24 մլն ֆունտի (մոտ 6 մլն դոլար) չափով:
Ներկայումս Ահմեդ Շաֆիքն ընտանիքի հետ բնակվում է ԱՄԷ-ում, որտեղ մեկնել է 2012-ի հունիսին` նախագահական ընտրություններում պարտվելուց անմիջապես հետո:




























